Բարի համբավն ու հեղինակությունը՝ առողջության երաշխիք

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլև կոչում, որին արժանանում են նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Բժշկությունն էլ սոսկ գիտություն չէ, այլ նախ և առաջ սրտացավ հոգածություն մարդու հանդեպ, մարդասիրություն։ «Նաիրի» բժշկական կենտրոնում հենց այս սկզբունքով ու նվիրումով էլ բազմավաստակ բժշկուհի Նարինե Մամիկոնյանի ղեկավարությամբ աշխատում է նվիրյալ բուժաշխատողների մի հրաշալի թիմ, ում ջանքերի ու կազմակերպված աշխատանքի արդյունքը հիվանդ բուժառուների վերականգնված առողջությունն է և շնորհակալական խոսքերը, որոնք բուժառուների հավաստմամբ՝ ի զորու չեն արտահայտելու այն երախտիքը, որ զգում են նրանք նվիրյալ բժիշկների հանդեպ։

Հարգելի խմբագրություն, ես՝ որպես մեկը նրանցից, ով զգացել է այդ նվիրյալ ու արհեստավարժ բժիշկների թեթև ձեռքն իր վրա, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին այն պրոֆեսիոնալ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար, որով բուժում եք ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Փորձառու բժիշկ-ռևմատոլոգ Վահան Մուկուչյան, բազմավաստակ սրտաբան Կարինե Ղազազյան, տեսակով ջերմ ու հոգատար ավագ բուժքույր Նարինե Դավթյան, թող բոլոր հիվանդները ձեզ նման բժիշկների ու բուժաշխատողների հանդիպեն, որ կյանքն ավելի առողջ և ուրախ դառնա։

Անսահման շնորհակալ եմ «Նաիրի» ԲԿ ախտորոշման գծով տնօրենի տեղակալ Աիդա Խեդոյանին բուժառուների հետազոտությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Մեծ է երախտիքս «Նաիրի»ԲԿ տնօրեն Նարինե Ռաֆայելովնա Մամիկոնյանի հանդեպ հատկապես բուժաշխատողների այս հրաշալի թիմի, բուժառուներին մատուցած ծառայությունների բարձր որակի, կենտրոնի բարի համբավն ու հեղինակությունը նոր բարձունքների տանելու համար։ Դուք էլ միշտ առողջ եղեք, որ կարողանաք օգնել բոլոր Ձեզ դիմողներին։  Շնորհակալություն։

Անի Շահբազյան