Էժան աշխատուժ․ հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաեւ շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել:

Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ժամանել է Հնդկաստանի 9898 քաղաքացի, դուրս եկել՝ 11 հազար 262-ը։ Նկատենք, որ մեր հայրենակիցները գնում են այլ երկրներ, հատկապե ՌԴ, ու հենց շինաշխատանքներ են կատարում, իսկ մեր երկրում այդ հարցում ծուլացել են: Առաջարկվող գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, բայց եւ դժգոհում են, թե աշխատանք չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։