Վլադիմիր Գասպարյանի գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրանից բացի այս գործով անցնում են նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար, իսկ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։