Թուրքիան դիմել է Ռուսաստանի օգնությանը

Թուրք վերլուծաբան Բարըշ Սոյդանը դիտարկման է առել ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը։ Ըստ նրա՝ կա պայմանավորվածություն և հստակ պլան, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի օգնությամբ չթողնեն թուրքական լիրան շատ արժեզրկվի մինչև 2023-ի համապետական ընտրությունների անցկացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան տարեկան ներկրում է ավելի քան 50 մլրդ դոլարի բնական գազ, որից 40-50 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ստացվում է, որ ամեն տարի Թուրքիան Ռուսաստանին վճարում է շուրջ 25 մլրդ դոլար։ Վճարումն արվում է նավթի և գազի տեղափոխման թուրքական «BOTAŞ» ընկերության միջոցով, որն էլ Կենտրոնական բանկից արտարժույթ է գնում։ «BOTAŞ»-ի այդ գնումները լրջորեն քայքայում են Թուրքիայի Կենտրոնական բանկի դոլարային պահուստները։

Եվ դեռ սպասվում է, որ բնական գազի և նավթի գների վերջին աճման հետևանքով Թուրքիան այս տարի էներգակիրների ներմուծման համար ստիպված կլինի ծախսել ավելի քան 100 մլրդ դոլար։

Ահա այս ամենը մեծացնելու է դոլարի նկատմամբ պահանջարկն ու արտարժույթի ճգնաժամի նոր ռիսկեր է ստեղծելու Թուրքիայում։ Եվ այս հարցում օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանը։ Պատահական չէր, որ անցյալ շաբաթ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո վերջինս հայտարարեց, որ այսւոհետև Ռուսաստանից գնվող բնական գազի 25 տոկոսը Թուրքիան կվճարի ռուբլիով։ Բացի այդ Անկարան Մոսկվայից խնդրել է գնվող բնական գազի համար 25 տոկոս զեղչ և 6-ամսյա մարման ժամկետի հնարավորություն տալ, ինչի շնորհիվ Թուրքիան ընթացիկ ձմեռը կանցնացնի նվազագույն վճարումներով և վերահսկողության տակ կպահի դուլարի կուրսը։ Գոնե մինչև նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

«Ծրագիրը շատ պարզ է. Ռուսաստանի աջակցությամբ մինչև ընտրությունների օրը զերծ մնալ արժութային հարձակումներից: Բայց այ թե դրա դիմաց ի՞նչ կուզի Ռուսաստանը Թուրքիայից, ըստ իս՝ դա է ամենակարևոր հարցը»,- հարցադրում է անում թուրք վերլուծաբանը։