Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 մլն դրամ է փոխանցվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս այս տարվա հունիս ամսին Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, արցախյան հիմնադրամները քննելու հանձնաժողով ստեղծելու առաջարկով էին հանդես եկել: Գալստյանն ասում էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում գործող գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը քննելու անհրաժեշտություն կա: Պատգամավորի առաջարկին նախնական 9 պատգամավոր էր միացել, այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ մեկ պատգամավորը ստորագրությունը հետ էր վերցրել, իսկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե հիմնադրամներում տիրող ֆինանսական վիճակը կքննարկեն սեպտեմբերին: Հիմա արդեն հոկտեմբերն է, ու պարզ է, որ Գալստյանի բարձրաձայնած հարցը Բաբայանի կուսակցության համար ոչ միայն երկրորդ պլան է մղվել, այլ առհասարակ մոռացության է մատնվել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ներդրումների հիմնադրամից «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին 100 մլն դրամ է փոխանցվել (մոտ 244 հազար դոլար)՝ ըստ երեւութին Արցախում ինչ-որ ներդրում իրականացնելու համար: Տեղեկացանք, որ վարկը Բաբայանին առանց գրավի եւ լուրջ տոկոսների է տրամադրվել: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց թե՛ անձամբ Սամվել Բաբայանի, թե՛ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապ հաստատել: «Պրն Բաբայանին կզգուշացնենք, որ լրագրող է զանգել»,- մեզ ասացին Բաբայանի գրասենյակից: Մինչեւ ուշ երեկո այդպես էլ մեզ հետ կապի դուրս չեկան: Ինչ վերաբերում է հիմնադրամին եւ նրա տնօրեն Էռնեստ Գրիգորյանին, ապա տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ հիմնադրամի քաղաքային հեռախոսահամարներից որեւէ մեկը զանգերին չպատասխանեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։