Կարող է ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց ունենալ ՌԴ քաղաքացիություն. փոխոստիկանապետ

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է՝ միայն 150 հազար դոլարի ներդրում անելու դիմաց չէ, որ պետք է օտարերկրյա քաղաքացիները ստանան ՀՀ քաղաքացիություն, դրա համար սահմանվում են այլ չափորոշիչներ ևս։

«Այո, այդ նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաև հանրային քննարկման, որի նպատակն է ստանալ այն կարծիքներն ու հարցերը, որոնք հուզում են մեր քաղաքացիներին։ Սա դեռ օրենքի նախագիծ է, իսկ առավել մանրամասն դրույթներ կսահմանվեն նաև կառավարության համապատասխան որոշմամբ։ Այդ ամենի արդյունքում միանշանակ այն ռիսկերը, որոնք տեսնում են ոչ միայն մեր համաքաղաքացիները, այլև մենք՝ կբացառվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։

Ըստ նրա, սահմանափակ թվով անձանց համար է սահմանվելու ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, օրենքում չեն կարող նշել, թե ինչ ազգությամբ, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի առնվելու են։

«Այստեղ կա թե տարատեսակ հանցավոր անձանց, փողերի լվացման մեջ ներգրավված անձանց, բոլոր ռիսկերը հաշվի ենք առնելու։

Պետք չէ ֆիքսվել միայն տնտեսության ոլորտի վրա, մենք այնտեղ սահմանում ենք գիտության, կրթության, սպորտի ոլորտների վրա։ Շատ լավ տեսնում եք, որ սպորտի ոլորտում մենք մեծ դժվարություն ենք ունենում, երբ նույնիսկ ազգությամբ հայերին կարողանանք ներգրավել տարբեր տեսակի մեր հավաքականներում։ Կամ, ինչո՞ւ չէ, նաև գիտության ոլորտի առումով, և դրանով է պայմանավորված, որ այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ»,- հավելեց Ա. Ֆիդանյանը։

Պաշտոնյան անդրադարձավ նաև հանրությանը մտահոգող այլ ռիսկերին, օրինակ, որ Ադրբեջանի քաղաքացին կարող է ներդրումներ անել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։

«Ադրբեջանի քաղաքացի լինելը շատ հարաբերական է, նույն տրամաբանությամբ կարող է, օրինակ, ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց ունենալ ՌԴ քաղաքացիություն, հետևաբար՝ բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա՝ մենք չեն պատրաստվում, մենք պետք է կենտրոնանանք ու ուսումնասիրենք բոլոր ռիսկերը»,- եզրափակեց Արա Ֆիդանյանը։