Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս էր եկել

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ ու սկսեց բղավել, երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ կապելով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառելու գործողությունները «Սիլ պլազայի» շենքի պատմության հետ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Սուքիասյանն արձագանքեց. «Դուք 5-րդ ալիքից եք, չէ՞, դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը ձեր էս ալիքի սեփականատիրոջն է: Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով: Ձեզ հարց եմ տալիս՝ ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Դուք դրա իրավունքը չունեք լրատվություն կոչվելու, դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք էդ միլիարդները բերե՛ք: 400-500 բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է: Ինձ մյուս նախագահն է ասել՝ Սերժ Սարգսյանը: Ասել է՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ, մարդիկ առանց բնակարան են մնացել, ասում է՝ մենք ենք առել դա»: Նա վստահեցրեց. «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն է, նրանց երեխաներինն է, բարեկամներինն է: ՀՀ-ում մոտավորապես 4-5 ապահովագրական կառույց կա, եթե որեւէ մեկի շահը չեք հետապնդում, գնացեք հանեք, թե ձեր սեփականատերը ինչքան է պետական մարմնի մեքենա կամ գույք ապահովագրել»: