Կարբի գյուղի բնակչուհու որդին կալանավորվել է՝ մորը ծեծելով կյանքից զրկելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, 73-ամյա կնոջ և որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 73-ամյա կնոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: