Մակրոնը վերահաստատել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Պրահայի հանդիպումից, նշել, որ ցանկանում են հոկտեմբերի 6-ին կայացած գագաթնաժողովից հետո պահպանել կապը:

Մակրոնը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը։ Առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է հենց Պրահայի գագաթնաժողովում:

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի լիարժեք պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հասնել տարածաշրջանում քաղաքական այնպիսի որոշման, որը թույլ կտա կառուցել ամուր հիմքով խաղաղություն:

Ելիսեյան պալատի հաղորդագրությունը նշում է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում` Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Մակրոնը հնարավորություն կունենա նաև հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: