Եկել է Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն ասելու ժամանակը.ՉԻ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում էր ստորագրել, որով Հովիկ Աբրահամյանի զարմուհուն՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Պողոսյանին նշանակել էր իր օգնականի պաշտոնում: Երեկ տեղեկացանք, որ նորաթուխ պաշտոնյային շնորհավորելու համար բավական մեծ կերուխում է կազմակերպվել: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արգամ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետը, Կարինե Պողոսյանի եղբայրը՝ ԲՀԿ-ից ՔՊ թավշյա անցում կատարած Գագիկ Պողոսյանը և այլք: Մեր տեղեկություններով՝ թեև Հովիկ Աբրահամյանը ներկա չի եղել զարմուհու տոնական շնորհավորանքին, սակայն անմասն չի մնացել այդ քեֆից: Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը հոտընկայս խմել է Արգամիչի կենացը:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումներում անդրադարձել ենք այն փաստին, որ թավշյա իշխանությունները սերտ հարաբերությունների մեջ են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ նրա թիմը թե՛ համապետական, թե՛ քաղաքապետի ընտրություններում ակտիվ դերակատարում ունեցավ իշխանությունների հաղթանակն ապահովելու գործում: Հիմա եկել է շնորհակալություն հայտնելու պահը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է Կարինե Պողոսյանին վստահել մարզի կրթության և մշակույթի ոլորտը այն դեպքում, երբ պատգամավոր աշխատած տարիներին վերջինս ոչ մի անգամ չի կարողացել հոդաբաշխ բառերով պատասխանել լրագրողների հարցերին: