Երբ կանցկացվի ՔՊ քաղաքական ժողովի առաջին նիստը. հայտնի է վայրը

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Նշվում է, որ քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:

Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը:

Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ:

Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ աշխատակարգային հարցեր: