Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլ»-ում. մանրամասներ

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի միջանկյալ ելույթներից մանրամասներ է հայտնել: Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը:

Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:

«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշել է Ռոզա Լինը։

Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով:

Հանդիսատեսը սպասում է նաև «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը ևս նախատեսված է միջանկյալ ակտում. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: «Can’t feel anything» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան և Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան։

Հիշեցնենք, որ 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: