90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրը անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին՝, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում: