Առանց երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում. Միրզոյան

Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ունեցած ելույթում:

ԱԳ նախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չի եղել իրականացնել ոչ միայն համավարակի, այլ առաջին հերթին ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

«Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Ավելին՝ նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչև այս պահը վերացված չեն»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, և տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումն ի վերջո վերածվել են ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին:

«Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռություն: Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս»,-ընդգծեց ԱԳ նախարարը:

Նա նկատեց՝ դժվար է այսօր կանխատեսել, թե ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը: Սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում՝ խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը, պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը:

«Ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգության բառի ուղիղ իմաստով անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Եվ ոչ ոք, ոչ մի ուժ, չի կարող նրանցից խլել այս հավաքական և բնական իրավունքները:Այս տեսակետից այսօր և այստեղ, այս ֆորումի աշխատանքները, ձեր բոլորի ներկայությունը, ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան խիստ կարևոր են»,-նշեց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ վերջին 2 տասնամյակում միջազգային համայնքը՝ ի դեմս ՄԱԿ-ի, մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձել է 2004 թվականին այս հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն և որի մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար:

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը: Նա կարևորեց նաև ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը, այդ թվում՝ հատուկ ընթացակարգերի, անկախ քննչական մեխանիզմների և պայմանագրային մարմինների:

ԱԳ նախարարը շեշտեց այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և 2 տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող Ցեղասպանության կանխարգելում բանաձևը: «Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում: Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին ու մարտահրավերներին»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա նկատեց, որ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա: Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար: Ֆորումի աշխատանքների շրջանակներում նա հրավիրեց բոլորին քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքներն ի չարս օգտագործելու դեմ պայքարի և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին:

«Թող մեր մոլորակի վրա այլևս չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ»,-եզրափակեց Միրզոյանը: