Հայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը:

«3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում:

Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում