Անուններ․ ովքեր են առաջադրվել Սիսիան և Անի համայնքներում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են: Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը եւ Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ եղբայրն է: Ավելին՝ վերջինիս հայրը՝ Աղասի Հակոբջանյանը նույնպես եղել է Սիսիան համայնքի ղեկավար՝ ԲՀԿ-ից: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: Հետաքրքիր է, սակայն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Սիսիանում նախորդ ընտրությունների ժամանակ 4 մանդատ էր ստացել, այս անգամ առհասարակ ընտրություններին չի մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանը, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը VTB բանկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանն է։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում