Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 20-ի

Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: