Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը՝ գլխադասային հանձնաժողովի օրակարգում․ ինչ է սպասվում.ArmLur.am

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ի նիստին կքննարկի Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության միջնորդությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովում այն ներկայացնելու է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միմասյանը:

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունն մարտի 3-ին շրջանառության մեջ էր դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դիմումում ներկայացված փաստերի վերլուծությունը ողջամիտ ենթադրություն է ձևավորում, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում Ազգային ժողովը լիազորված է դիմելու Սահմանադրական դատարանին՝ անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալու դեպքում նախագիծը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

«ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն: