Դռները բացե՜ք, գարուն է գալիս…

 

Համո Սահյանի այս բառերի ներքո էլ թիվ 49 մանկապարտեզն իր հյուրընկալ դռները կրկին բացեց, այս անգամ ՝ ավագ Ա խմբի սաների գեղեցիկ միջոցառումով, որը նվիրված էր գարնան, մայրության և գեղեցկության տոնին ու աշխարհի ամենագեղեցիկ էակին՝ Մայրիկին: Բեմադրությունը, որ ներկայացրեցին փոքրիկները, ուրախ տրմադրություն հաղորդեց՝ հուզելով ներկաներին: Մանկապարտեզի սաների կատարմամբ երգերը, նրանց ասմունքն ու անկաշկանդ պահվածքը խոսում էին այն մասին, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել , ինչքան ջանք ու եռանդ է պահաջվել, որպեսզի փոքրիկները հանդես գան նման բովանդակալից ու հագեցած ելույթներով, արտասանեն այդքան վարժ, սահուն, ճիշտ առոգանությամբ։ Երեխաների երգերում ու բանաստեղծություններում նաև բնության, ծառ ու ծաղկի հանդեպ սերն էր, որ կաթիլ առ կաթիլ ներարկվում էր նրանց մեջ։ Անսահման սեր կար նաև հայրենիքի ու մայրիկի հանդեպ: Լուսանկարների գեղեցիկ ցուցադրությունն էլ իր յուրօրինակ խորհուրդն ուներ. փոքրիկներն էին՝ իրենց մայրիկների գրկում՝ անհոգ ժպիտով: Զարդարված կենաց ծառը՝ մայրիկների լուսանկարներով, վերահաստատում էր, որ բարին այս աշխարհում սերմանում են մայրերը: Միջոցառմանը ներկա ծնողների գնահատանքի խոսքերը՝ ուղղված խմբի դաստիարակ Լուիզա Վարդանյանին, արժևորում էին այն աշխատանքը, որ կատարում է երեխաների սիրելի դաստիարակչուհին՝ ամբողջապես նվիրում դարձած, հոգու ողջ սերն ու ջերմությունը տալով իրեն վստահված բալիկներին, նրանց մեջ սերմանելով բարին ու գեղեցիկը: Շնորհակալության խոսքեր ուղղվեցին նաև նաև երաժշտական դաստիարակ Նելի Սարգսյանին, պարուսույց Ալվինա Սարգսյանին, ինչպես նաև դաստիարակի օգնական, ջերմ ու հոգատար ընկեր Արեգային։ Օրերի, շաբաթների տքնաջան աշխատանքի ու նվիրումի արդյունք էր այս հրաշալի միջոցառումը, որի անջնջելի հիշողությունները գողտրիկ, հեքիաթային աշխարհի փոքրիկ բնակիչներին ուղեկցելու են ողջ կյանքում…
Անի Շահբազյան