Շառից փորձանքից հեռու… ՔՊ-ում զգուշավոր մթնոլորտ է

Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մթնոլորտը զգուշավոր է: Այստեղ գրեթե բոլորը խուսափում են ինչ-որ բան ասել, ինչ-որ թեմա քննարկել, քանի որ հասկացել են՝ դեռ խոսքը բերանից չելած՝ կուսակցական վերնախավում տեղյակ են: Իսկ եթե, Աստված մի արասցե, այնպես ստացվեց, որ ինչ-որ բան Նիկոլ Փաշինյանի սրտով չեղավ, վայն եկել-տարել է մեղավորին: Հարազատ կուսակիցները նրանից հեռու են քաշվում, դադարում են շփվել, մի խոսքով՝ հայտնվում է սև ցուցակում: Իսկ մյուսները սկսում են ավելի շատ հաճոյանալ շեֆին: Այդ է պատճառը, որ մասնավորապես ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթները սկսվում և ավարտվում են Փաշինյանին գոհացնելու, նրան հաճոյանալու ջանադրությամբ:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ վարչության ընտրություններից հետո Փաշինյանը գրեթե բոլորի հետ «թարսվել» է: Նա իր թիմակիցների գերակշիռ մասի հետ խզել է հարաբերությունները, ոչ ոքի չի վստահում ու շարունակում է իրեն հեղինակազրկող թշնամիներ բացահայտել: Տեղեկացանք նաև, որ դիջեյ Էդոն՝ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի պաշտոնից հրաժարական է տվել Փաշինյանի սև ցուցակում հայտնվելուց հետո: Հիմա նա ելույթներ չի ունենում, տեսակետներ չի հայտնում և աշխատում է մնալ ստվերում:

Նախկինում Առողջապահության նախարարի, ապա Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Արսեն Թորոսյանը ևս զգուշանում է: Այն բանից հետո, երբ նա ՔՊ վարչությունում բացահայտեց կեղծ իրավիճակը, լուռ է, խուսափում է սեփական դիրքորոշումը որևէ հարցի շուրջ արտահայտելուց: Պատճառը՝ որ կարող են իր դեմ քրգործ հարուցել. գործը բաց է, և ամեն պահ կարող են իրեն էլ որպես մեղադրյալ ընդգրկել այդ գործում:

Տևական ժամանակ լարված էին հարաբերությունները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. վերջինս ևս հայտնվել էր ոչ բարենպաստ պայմաններում: Սակայն, կարելի է ասել՝ բախտի բերմամբ առիթ ընձեռվեց ամրապնդել դիրքերը այն պահից, երբ անվտանգության աշխատակիցների օգնությամբ կարողացավ հետ գրավել ԱԺ ամբիոնը քաղաքական ակցիա իրականացնող ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից: Նրան հնարավորություն ընձեռվեց պոպուլիստական ելույթով և «քաջարի» պահվածքով ցույց տալ իր նվիրվածությունը Փաշինյանի իշխանությանը՝ արժանանալով շեֆի բարեհաճ վերաբերմունքին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխին ևս սև ամպերեն կուտակվել, պաշտոնանկության մասին լուրերն էլ, որոնք մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անհիմն չեն, նրան ևս հեռու են պահում հրապարակային խոսքի դրսևորումներից: Նա հնարավորինս քիչ է երևում հանրության ու Փաշինյանի աչքին: Թիմակիցներից մեկուսացածների ցանկում է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը: Լուրերը, որ վերջինս իր ազգականներին, ծանոթ-բարեկամներին է «տեղավորում» նախարարությունում, հասել են Փաշինյանի ականջին, և Սանոսյանը ևս փորձում է շատ աչքի չընկնել: Զգուշացողները շատ են, քանի որ Փաշինյանը «դոսյե է հավաքում» ոչ միայն ընդդիմադիրների, այլև սեփական կուսակիցների դեմ։