Բրյուսել կատարած այցի ժամանակ պատրաստակամություն հայտնեցինք շարունակել մշտական համագործակցությունը.Թագուհի Թովմասյան

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:
Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:
Նշեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ:
Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով ևս խտրական քաղաքականություն է իրականացվում: Իշխանության համար «ոչ ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:
Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինությունների համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։
Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան