Մեդալ, որի համար Աթոյանների ընտանիքը վճարեց ամենաթանկ գինը

Ախուրյան համայնքի զինվորական պանթեոնում խորհրդավոր լռություն է… Ոչինչ չի խաթարում այստեղ մայրենի հողում հանգչող Հերոսների հանգիստը։ Մեղմ հովն է միայն մոր նման փարվում քաջերի շիրմաքարերին ու շշնջում լեգենդ դարձած հերոսապատումներ Արցախյան գոյամարտից մինչև Արցախյան 44 օրյա պատերազմ… Հոկտեմբերի 20-ին զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Միքայել Աթոյանի հերոսական մահվան առաջին տարելիցն է, և նրա հիշատակը խնկարկելու համար այստեղ են ընտանիքի անդամները, բոլոր հարազատները, զինակից ընկերները, համագյուղացիները, դպրոցի ուսուցիչները։ Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը կատարեց տարելիցի հիշատակության ծես՝ մխիթարելով Միքայել Աթոյանի հարազատներին, բոլոր ներկաներին: Ապա միաձայն աղոթք հառնեց առ Աստված՝ նահատակված հերոսների հոգու հանգստյան համար:
Ցավ ու կարոտ կա ներկաների հոգիներում, բայց նաև մի անմեկին հպարտություն. Միքայել Աթոյանը իր մարդ տեսակով, իր գազափարներով ու հավատամքով առանձնանում էր շատ շատերից, տարբերվում ընտանիքի ու հայրենիքի հանդեպ պաշտամունքի վերածված անմեկին սիրով: 44 օրյա պատերազմում էլ առանձնացավ իր նվիրումի մեջ, առանձնացավ իր արժանիքներով, հոգու բարությամբ ու հոգու լույսը մարդկանց բաշխելու պատրաստակամությամբ: Այդ պատրաստակամությունը լույս դարձավ շատերի համար, իսկ ինքը լույս դարձավ կյանքի համար… Եվ չկան խոսքեր, որոնք կամոքեն մոր՝ Տիրուհի Մանուկյանի լռելայն մորմոքը, որդու շիրմաքարի մոտ մի բուռ դարձած հոր՝ Սարգիս Աթոյանի հոգու կսկիծը, տղամարդու ժլատ արցունքները, որոնք այնքան խոսուն են. այնքա՜ն ցավ ու չասված խոսքեր կան դրանց մեջ։
Հրամանատարի կինը՝ Ասյա Աթոյանը, դժվարությամբ կուլ տալով արցունքները, պատմում է հերոս ամուսնու մասին. «…Անասելի դժվար է, եթե ոչ անհնարին, հաշտվել այն մտքի հետ, որ Միքայելը զոհվել է: Նրա մասին անցյալով խոսել չի լինում, նա կա, ապրում է մեր սրտերում: Ծնողասեր զավակի, ընտանիքասեր ամուսնու, սիրող հոր, լավ եղբոր էությունը միշտ ուղեկից է մեզ՝ անսահման բարի ու հոգատար, նրբանկատ ու ազնիվ: Մենք այնքա՜ն նվիրական երազանքներ ունեինք մեր զավակների հետ կապված, այնքա՜ն հույսեր: Անավարտ մնացին մեր բազում ծրագրերը, չարաբաստիկ պատերազմը մեզանից խլեց ամենաթանկը…»։
Միքայել Աթոյանի մարտական ընկերները հերոսի որդուն՝ 6-ամյա Վիլյամին հանձնեցին Հայրենիքի Ծառայության համար երկրորդ աստիճանի մեդալը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Մեդալ, որ չափազանց ծանր է որդու համար, մեդալ որի համար Աթոյանների ընտանիքը վճարել է ամենաթանկ գինը։ Այն այսուհետ տեղ կգտնի Աթոյանների տանը՝ Միքայել Աթոյանի մասին պատմող բազմաթիվ պարգևների կողքին:

Վիլյամիկը լուրջ ու հասկացող հայացքով նայում է ճակատագրի մի հարվածով իրեն բաժին հասած պարգևին, և նրա խոհուն ու հասկացող աչքերը միանգամից մեծացած երկվորյակ քույրիկների տխուր հայացքները, պատմում են ավելին, քան բառերով հնարավոր է ասել։ Նրանք պահանջում ու պարտադրում են ատել պատերազմը, այն հրահրողներին։ Վիլյամիկի ձեռքից ամուր ամուր բռնած Խաչիկ հորեղբայրն էլ լուռ երդվել է ապավեն լինել եղբոր ընտանիքին, երբեք չթողնել իր ձեռքի մեջ եղած ձեռքը։
…Ախուրյանի զինվորական պանթեոնում նահատակված քաջերն են , մեղմ քամին շոյում է նրանց շիրմաքարերը և պատմում մի լեգենդ՝ թե ինչպես են ապրում և հերոսանում ընտրյալները և թե նրանցից հետո ինչ դժվար է ապրելը…
Մելանյա Ծառուկյան