«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ բողոքել է տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերից, որ դրանք շատ կեղտոտ են, նաև կանգառասրահներից, քանի որ դրանք փնթի, կեղտոտ վիճակում են: Ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես է:
Սակայն զարմանալի է, որ քաղաքապետը ուշադրություն չի դարձնում բուն տրանսպորտի վիճակին, որը գնալով ավելի վատ է աշխատում: Եթե որոշ ժամանակ առաջ դեռ երբեմն-երբեմն ստուգումներ էին իրականացվում հասարակական տրանսպորտի հետ կապված, ապա երկու ամիս է՝ ներքաղաքային տրանսպորտը բառիս բուն իմաստով դարձել է կորոնավիրուսի «ինկուբատոր», իսկ որոշ երթուղիներ փաստացի չաշխատելու հաշիվ են:
Նույն վիճակն է նաև մի քանի այլ թաղամասերում:
Ի դեպ, բնակիչների հարցումներին քաղաքապետարանից պատասխանում են, թե ընդհանուր «բարեփոխումների» համատեքստում հարցը կուսումնասիրվի: Հնարավոր չէ՞ եղած վիճակում գոնե աշխատանքի ինտերվալը վերահսկել, մինչև «բարեփոխումների» անորոշ հեռանկարը, թե՞ սովորություն է դարձել օրվա բոլոր պաշտոնյաների համար՝ թքած ունենալ մարդկանց վրա: Թե չէ՝ ալկոգել, կանգառասրահ»: