Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում, – այս մասին « Փաստինֆո»ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ սահմանափակվում է Լիբանան չմեկնելու կոչերով։

«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։

Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից։