ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրոնական առաջնորդներին ասել է, որ երկրին «ցնցող տարի» է սպասում, եւ որ ԱՄՆ-ն «մոտ ժամանակում» կորոնավիրուսը կհաղթահարի:
«Մեզ ցնցող տարի է սպասում: Մենք այդ վարակը կհաղթենք: Մենք կհաղթենք այդ վիրուսը եւ կհաղթենք մոտ ժամանակում,- հայտարարել է Թրամփը կրոնական առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային ասուլիսում: — Մենք կվերադարձնենք մեր երկիրը»:
«Առջեւում շատ հզոր տարի ենք ունենալու, որովհետեւ գիտեք, թե մեզ ինչ է սպասվում,- շարունակել է Թրամփը: — Մենք պետք է դա անենք: Հավատացյալները պետք է դա անեն: Մենք պետք է հաղթենք: Այնպես որ, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին ուղղակի շնորհակալություն հայտնել: Ես միշտ այստեղ եմ»:
Թրամփի զրույցը կրոնական առաջնորդների հետ տեղի է ունեցել Զատկի եւ Պեսախի նախօրեին:
Հեռախոսային ասուլիսին մասնակցել է նաեւ երկրի փոխնախագահ Մայք Փենսը, որը շնորհակալություն է հայտնել կրոնական առաջնորդներին սոցիալական հեռավորության պահպանումը խրախուսելու ջանքերի համար, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ծխականները չեն կարող հավաքվել կրոնական շենքերում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Նախագահն ասում է, որ մենք կհաղթենք կորոնավիրուսը եւ կվերադառնանք ինչպես երբեք, ավելի ուժեղ: Ամերիկացի ժողովրդի հավատն է հատկապես դրել այդ մեծագույն վերադարձի հիմքը»,- ասել է Փենսը:
Թրամփի եւ Փենսի կարճ ելույթներից հետո երեք կրոնական առաջնորդներ հայտնել են այն մասին, թե իրենց կազմակերպությունները ինչպիսի օգնություն են ցուցաբերում համավարակի ֆոնին:
Թրամփը գովաբանել է առաջներդներից մեկին՝ ավետարանականների առաջնորդ Ֆրանկլին Գրեմին, նրա Samaritan Purse («Սամարիացու դրամապանակ») կազմակերպության կողմից Նյու Յորքի Կենտրոնական այգում շարժական հոսպիտալ ստեղծելու համար:
Գրեմն ավելի վաղ հայտարարում էր, որ COVID-19-ի պատճառը մեղքն է եւ այն, որ մարդկությունը «Աստծուց երես է թեքել»: Երեկվա զրույցում նա Թրամփին եւ Փենսին շնորհակալություն է հայտնել ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ նրանց աշխատանքի համար:
«Պարոն նախագահ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ եւ փոխնախագահին Ձեր ղեկավարման համար,- ասել է Գրեմը: — Մեր երկիրը դժբախտության մեջ կլիներ, եթե դուք չլինեիք նախագահը: Ես սարսռում են այն մտքից, թե ինչպիսի իրավիճակում կարող էինք հայտնվել»:
Միաժամանակ, նախկին նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ չնայած սեցիալական հեռավորության պահպանման միջոցառումների արդյունավետության առաջին նշաններին, դրանց չեղարկումը, մինչեւ լավ կարգավորված թեստավորման եւ մոնիթորինգի ներդնումը, կարող է փոշիացնել ձեռք բերված առաջընթացը:
«Սոցիալական հեռավորությունը հարթեցնում է կորը եւ թուլացնում ճնշումը մեր հերոսական բժիշկների վրա,- երեկ իր թվիթերյան էջում նշել է Օբաման: — Բայց գործող քաղաքականությունից հնարավոր կլինի հրաժարվել միայն այն բանից հետո, երբ առանցքային պահ կդառնա թեստավորման եւ մոնիթորինգի հզոր համակարգը, որը մենք դեռ պետք է ներդնենք ամբողջ երկրի մասշտաբով»: