Արցախում դեռ գազ չկա, հոսանքի գերծանրաբեռնման հետևանքով արդեն իսկ հրդեհի դեպքեր են գրանցվել. Արցախի ՆԳՆ-ն զգուշացնում է

Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի Ներքին գործերի նախարարության հորդորում է.

Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը:
Մեր պատասխանատվությամբ բացառենք անվերահսկելի աղետները, պահպանենք մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, հասարակության և պետության շահերը: