Կրթության զարգացման հեռանկարները ոչ պետական դպրոցների համագործակցությամբ

Ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի նախաձեռնությամբ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում կայացավ ոչ պետական դպրոցների առաջին տարեկան համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին հանրակրթության որակի արդյունավետությանն ուղղված բազմաթիվ հարցեր։ Մատնանշվեցին նաև ոչ պետական դպրոցների՝ պետության հետ համագործակցության ուղիները:

«Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գեւորգյանի խոսքով՝ պետության հետ համագործակցության կայացումը լավագույնս կնպաստի ոչ պետական դպրոցների զարգացմանը։ Նրա համոզմամբ՝ ասոցիացիայի մեկ տարվա գործունեությունն արդեն իսկ փաստում է, որ կան բոլոր նախադրյալները հետագա առաջընթացի համար: Նա կարևորագույն ձեռքբերում է համարում «Հանրակրթության մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունները: Շամամ Գևորգյանը դրական է գնահատում փորձի փոխանակումը հենց ասոցիացիայի անդամ դպրոցների միջև՝ կարևորելով փոխադարձ ճանաչողության հարցը և միմյանց ռեսուրսների օգտագործումը։

«Մեկ ձայն» ասոցիացիայի լիիրավ անդամ «Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Գայանե Սողոմոնյանը ևս Blic.am-ի հետ զրույցում կարևորեց «Մեկ ձայն»-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ ասոցացիայի ստեղծումը ոչ պետական հանրակրթական դպրոցների գոյության հենքի վրա եզակի ու աննախադեպ երևույթ է. «Մեկ ձայն»-ը հնարավորություն է ընձեռել մեկտեղել իրենց փորձով, աշխատանքային կենսագրությամբ, կրթության նկատմամբ նոր մոտեցումներով ու նոր որակներով դպրոցները, մոտիվացնել նրանց ռեսուրսները՝ ավելի արդյունավետ և որակյալ կրթական մոդելների որոնման ճանապարհին:

Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ «Ուշարժան է այն, որ կարողանում ենք փոխանակել մեր աշխատանքային փորձը և կրթական բարեփոխումների գործընթացում միասին նոր խոսք ասել, անել կոնկրետ առաջարկություններ և դրանք հասանելի դարձնել ոլորտի պատասխանատուներին: Կառավարության հետ մեր համագործակցությունը արդարացնում է ակնկալիքները ։ Արդյունավետ է մեր աշխատանքը հատկապես կԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ում թափանցիկ ու բաց աշխատաոճի շնորհիվ էլ ավելի խոստումնալից է դառնում համագործակցությունը։ Աշխատում ենք նաև Ազգային Ժողովի ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ: Հատկանշական է, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծում մեր կողմից արված որոշ առաջարկություններ ներառվեցին, որոնք ևս կնպաստեն բարեփոխումներին հանրակրթության ոլորտում։ Դրանով կկարգավորվի նաև դասագրքերի խնդիրը: Հիմա աշխատում ենք նոր կրեդիտային համակարգի, ավագ դպրոցի ուսուցման բարեփոխումների վրա: Ամբողջ աշխատանքային փաթեթը մեր առջև է, և վստահ եմ, որ այս նախաձեռնությունը, այս քննարկումները որոշիչ խոսք են ասելու հանրակրթության բնագավառում»։

Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասաց. «Թույլ տվեք նախարարության անունից շնորհավորել ներկաներին և կարևորել այն համագործակցությունը, որ մենք ունենք ոչ պետական դպրոցների հետ: Պետք է ընդգծեմ, որ այդ համագործակցությունը տեսանելի է նաև կոնկրետ գործնական առումներով: ԿԳՍՄ նախարարությունն իր կողմից խիստ կարևորում է հանրակրթության ամբողջական համակարգը, քանի որ ոչ պետական դպրոցները հանրակրթական համակարգի թեկուզ ոչ մեծ, բայց շատ կարևոր հատվածն են։ Եվ այստեղ մենք հաճախ տեսնում ենք մանկավարժական նորարարության, միջազգային կրթական ծրագրերի հիանալի օրինակներ, որոնք կարող են և պե՛տք է ծառայեն պետական դպրոցներում անհրաժեշտ փոփոխություններ անելու, անհրաժեշտ դասուսուցում ապահովելու համար: Ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ ունենք բավական լավ համագործակցություն, և վստահ եմ, որ այն փորձը, որ մենք արդեն կուտակել ենք, պետք է մեզ հնարավորություն տա միասին ավելի ակտիվ աշխատելու: Նշեմ, որ ասոցացիան հնարավորություն է տալիս մեզ մեր համագործակցությունը դարձնել ավելի կառուցողական»:

Հատկանշական է, որ բոլոր բանախոսներն իրենց ելույթներում դրական գնահատեցին «Մեկ ձայն» ասոցացիայի մեկամյա գործունեությունը՝ հավաստելով, որ այն հնարավորություն կընձեռի դիմակայել հանրակրթության առջև ծառացած խնդիրներին և նպաստել ոչ պետական դպրոցների զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը:

Լիլիթ Ավետիսյան