Հզոր երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. կան բազմաթիվ ավերածություններ

Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել:

7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում:

Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ:

Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել:

Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։

Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։