Այսօր Բուն Բարեկենդանն է. վաղը կսկսվի Մեծ Պահքը

Այս տարի փետրվարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն, նշվում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոսի Հարության Ավետիսը։ Այս մասին հայտնում է qahana.am-ը։

Վաղն արդեն՝ օրը փոխվելուն պես՝ մտնելու ենք պահքի մեջ՝ խոնարհությամբ, ապաշխարությամբ, զղջմամբ ու համբերությամբ անցնելով ուղին, որ տանում է դեպի Լույսը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում այս օրը՝ Բուն Բարեկենդանը։

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Այս օրը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: