Որոշում է կայացվել վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ:

Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս: