Քանի դեռ բժշկի կարիք չունես, մի տեսակ անտարբերությամբ ես վերաբերվում «Առողջությունը երջանկություն է» արտահայտությանը։ Տարիքի հետ հասկանում ես, որ իսկապես առողջությունը երջանկություն է։ Դա հասկանում ես հատկապես այն ժամանակ, երբ ինքնազգացողությունդ վատանում է և փաստացի քո երջանկությունը բժշկիդ ձեռքերում է։ Հատկապես սրտացավ, հոգատար ու բանիմաց բժիշկն այդ դեպքում հրաշագործ է․ նրա՝ դեպի քեզ պարզած օգնող ձեռքն ու հուսադրող հայացքը քեզ կյանք են վերադարձնում։ Այդպիսի հոգածության հանդիպեցի «Աստղիկ ԲԿ»-ում բուժհաստատություն ոտք դնելու հենց առաջին պահից։ Անհետաձգելի բուժօգնության և ընդունարանի ղեկավար Մանուկ Յազչյանը երկար տարիներ ղեկավարում է այդ բաժանմունքը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդներ են առիթ ունեցել համոզվելու, որ Մանուկ Յազչյանը իր գործի նվիրյալն է։ Նրա պրոֆեսիոնալիզմի և բաժանմունքում աշխատանքների ճիշտ կառավարման արդյունքում է, որ այստեղ դիմող բուժառուների սպասարկումը կազմակերպվում է հնարավորինս արագ, օպերատիվ և արդյունավետ՝ արժանանալով հիվանդների գնահատանքին․ չէ՞ որ որակյալ բուժսպասարկումը պատասխանատու գործ է և մեծ ջանքեր է պահանջում, իսկ բժշկական կենտրոնի ընդունարանը ամենածանրաբեռնված բաժանմունքն է: Մանուկ Մուշեղիչը իր բազմազբաղ առօրյայում ժամանակ է գտնում հետաքրքրվելու նաև բուժօգնության դիմած հիվանդների ինքնազգացողությամբ՝ դժվարին դեպքերը քննարկելով սպասարկող բուժանձնակազմի հետ:
Ես՝ որպես բուժառու, փետրվարի 20-ի ամբողջ օրվա ընթացքում առաջին բուժօգնություն ստանալիս զգացի, թե ինչ կարևոր է, երբ շրջապատված ես ոչ միայն պրոֆեսիոնալներով, այլ նաև ջերմ ու հոգատար վերաբերմունքով: Շնորհակալություն, հարգարժան Մանուկ Յազչյան, շնորհակալություն ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային վերաբերմունքի համար:
Սիրելի բժշկուհիներ, նյարդաբան Տաթևիկ Մխիթարյան և սրտաբան Սոֆյա Խաչատրյան, շնորհակալություն թեև երիտասարդ, բայց Ձեր աշխատանքում այդքան վստահ ու պրոֆեսիոնալ լինելու համար: Շնորհակալ եմ նաև հերթապահ բժիշկներին՝ Վահագն Պետրոսյանին և Կարեն Կարապետյանին իրենց աշխատանքը նվիրումով ու արհեստավարժորեն իրականացնելու, պատրաստակամության ու պատասխանատվության համար:
Եվ առանձնահատուկ շնորհակալությունս՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանին՝ բուժաշխատողների այսպիսի հրաշալի թիմ հավաքելու, նրանց աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար, ինչը ոչ միայն բուժհաստատության հեղինակության, այլև կոնկրետ իմ դեպքում՝ կյանքի ու առողջության խնդիր է։
Շնորհակալություն…
Մելանյա Ավետիսյան
