Եթե ձեզ հետաքրքրում է սովորական խաբեության զոհի հոգեբանությունն ու կարգավիճակը, հանգիստ կարող եք դիմել միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող American Global Group կազմակերպությանը։ Վերջինս խոստանում է օդային ճանապարհով ձեր ծանրոցները տեղ հասցնել 5-10 աշխատանքային օրում, բայց հետո ստիպված եք նույնիսկ մեկ-երկու ամիս սպասել, մինչև ձեր առաքումը հասնի հասցեատիրոջը։ Իսկ եթե որոշել եք ծնունդին անակնկալ անել, ապա անակնկալը հաստատ կհաջողվի՝ ծնունդից երկու ամիս հետո ո՞վ նվեր ստանա ու անակնկալի չգա, որ դեռ իր ծնունդն է։ Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող American Global Group կազմակերպությունը հստակ ժամանակացույցով և ամենօրյա ռեժիմով խաբում է իր հաճախորդներին։ Վերջիններս նշում են, որ դեպի ԱՄՆ ծանրոցները տեղ հասցնելու նրանց առաջարկած պայմանները չեն համապաատասխանում իրականությանը: Պարզվում է՝ առաքումները հասցեատիրոջը հասցնելու համար մեկ-երկու ամիս է անհրաժեշտ: Կազմակերպության հեռախոսահամարին զանգերը ապարդյուն են, քանի որ որևէ ադեկվատ պատասխան ստանալ հնարավոր չէ: Մեկ պատասխանում են, թե ծանրոցները մաքսատանն են, զննվում են, հաջորդ անգամ՝ թե դրանք պահեստում են, շուտով կառաքվեն, և այսպես՝ օրեր, անգամ՝ շաբաթներ շարունակ: Ավելին՝ Գլենդելի հայաստանյան գրասենյակից ևս ադեկվատ պատասխան ակնկալելը աբսուրդի ժանրից է։ Միակ «պատասխանը» ծանրոցն ստացողին պայմանագիրը հրամցնելն է՝ կորելու և ուշանալու համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Կներեք, իսկ ո՞վ է պատասխանատվություն կրում, եթե դուք եք կորցնողն էլ, ուշացնողն էլ: Ի դեպ, ընկերությունը պատկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և նրա եղբորը, իսկ կազմակերպության գրասենյակը ղեկավարում է Հայրապետյանների աներձագը՝ ոչ վաղ անցյալում լրագրող Վարդան Օնանյանը, և ինչպես է հարգարժան լրագրողը վերաբերվում ստահոդ բովանդակությամբ տեղեկատվությանը։ Հուսահատված քաղաքացիներին, որոնցից շատերի ցանկությունը հարազատներին տոնական նվերներ ուղարկելն է, մնում է ժամկետանց նվերների համար ներողություն խնդրել հոբելյարներից, հաստատ համոզված լինելով, որ ամեն շաբաթ օդանավի թռիչքների մասին լուրերը ստահոդ են, սովորական խաբեություն:
American Global Group․ սովորական խաբեություն
