Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։
