Կյանքի ամենաբարդ փորձությունները հաճախ սկսվում են այն պահին, երբ առողջական խնդիրների առաջ մարդը ստիպված է իր ամենաթանկը վստահել բժշկին։ Եվ հենց այդ ժամանակ ես հասկանում, թե որքան կարևոր է, որ սպիտակ խալաթի տակ լինի ոչ միայն հմուտ մասնագետ, այլ նաև մեծ սիրտ ունեցող մարդ։ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն այն բժիշկներից է, ում մասին մարդիկ խոսում են ոչ միայն շնորհակալությամբ, այլև առանձնահատուկ ջերմությամբ։ Նրա անունը հազարավոր ընտանիքների համար վստահության, ապահովության ու մարդկային վերաբերմունքի խորհրդանիշ է։ Վախի, անհանգստության ու անորոշության պահեր ապրող մարդուն հաճախ նրա մեկ վստահեցնող խոսքը, հոգատար վերաբերմունքը ապրելու ուժ և կամք են վերադարձրել։
Սիրելի Անդրանիկ Պողոսյան, Ձեր աշխատանքը վաղուց արդեն դուրս է սովորական մասնագիտական գործունեության սահմաններից։ Դուք այն յուրահատուկ բժիշկներից եք, ովքեր իրենց աշխատանքը ժամերով չեն չափում, չեն խնայում ուժերն ու նվիրումը, որովհետև յուրաքանչյուր հիվանդի ցավ ընդունում են որպես սեփական պատասխանատվություն։ Ձեր պրոֆեսիոնալիզմը, պարզությունն ու հոգատարությունը մարդկանց նկատմամբ հաճախ բուժման ամենակարևոր մասն են։
Մեծապես շնորհակալ եմ նաև բժիշկ Արթուր Մելքումյանին, ով իր երիտասարդ տարիքին հակառակ՝ արդեն իսկ առանձնանում է հասուն մտածելակերպով, բարձր պատասխանատվությամբ և հիվանդի նկատմամբ բացառիկ ուշադրությամբ։
Խորին շնորհակալություն անեստեզիոլոգ Կարինե Պետրոսյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Մարգարյանին և Էրեբունի ծննդատան ողջ բուժանձնակազմին՝ իրենց չափազանց կարևոր աշխատանքի, բուժառուներին և աշխատանքին նվիրվածության ու մարդկային վերաբերմունքի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն սիրելի Անահիտ Ալբերտյանին՝ ջերմ ընդունելության ու հոգատարության համար:
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում նաև Էրեբունի ԲԿ հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին՝ տարիների ընթացքում ոչ միայն մասնագիտական առումով հագեցած բժշկական կենտրոն ստեղծելու, այլ նաև մարդկային արժեքների վրա հիմնված բուժման մշակույթ ձևավորելու համար։ Ձեր և ձեր հրաշալի թիմի շնորհիվ Էրեբունի ԲԿ-ն պարզապես բուժման վայր չէ․ այն դարձել է մի տեղ, որտեղ մարդը կրկին սկսում է հավատալ հույսին, հոգատարությանը և կյանքին։
Շնորհակալություն Ձեր անգնահատելի աշխատանքի, նվիրումի և մարդկային մեծ տեսակին հավատարիմ մնալու համար։
Մելանյա Ծառուկյան
