Բյուջեի միջոցները վատնող քաղաքապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բյուջեի միջոցները վատնելու հարցում հավասար մրցակից գրեթե չունի: Դրանում համոզվելու համար բավական է հետևել քաղաքապետարանի ծախսերին, և պատկերը պարզ կդառնա:

Երևանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ», Երևանի գարեջրի և «Ձմերուկի» փառատոների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դոլար):

Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է ևս 10 փառատոնի: Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան` չեն մանրամասնել՝ դրանց որքան գումար է հատկացվել տեղական բյուջեից:

Մեկ փաստ էլ՝ բացի համայնքային բյուջեից` նման միջոցառումների համար ահռելի գումարներ դուրս են գրվում նաև «Երևան» հիմնադրամից, որը քաղաքապետարանի «սև գանձարկղն է», և որի եկամուտներն ու ծախսերը պահպանվում են ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիքի պես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: