Այսօր լուսավոր պատանին՝ Սուրեն Եսայանը կդառնար 19 տարեկան

Արցախում զոհված Սուրեն Եսայանի քույրը՝ Տաթև Եսայանը ՖԲ իր էջում գրառում է կատարել.Իմ անգին….

Ուղիղ 19 տարի առաջ այս օրը՝ 2002 թ. հունվարի 15ին, մեր տանը ցնծություն էր, ծնվել էիր դու, մեր անգինը։

Քո ծնունդով լցրեցիր մեր կյանքը, լիարժեք դարձրիր մեր ընտանիքը, քո ծնունդով հայրս ու մայրս մեզ՝ երեք քույրերիս պարգևեցին մեր կյանքի լավագույն նվերը։ Քեզնով էին բացվում մեր տան բոլոր առավոտներն ու ավրտվում օրերը։ Ժամանակն ամցնում էր, բայց մենք դեռ չէինք կարողանում հավատալ, որ դու իրական ես ու մերն ես, մեր գանձն ես։ Քեզ սիրում էին բոլորը, սիրում էին ամենուր, քեզնով հիանում էին թեկուզ քեզ մեկ անգամ հանդիպած մարդիկ։ Իսկ մենք անսահման հպարտ էինք, որ մենք ենք քո ընտանիքը ու մենք ենք վայելում քո ներկայությունը մեր կյանքում։

Քո կարճ կյանքի 18 տարիների ընթացքում շատ բան ապրեցիր ու տեսար, որոնք շատերը մինչ խոր ծերություն չեն ունենում։ Բայցևայնպես շատ-շա֊տ անելիքներ ու նպատակներ կիսատ թողեցիր, կյա՜նքդ կիսատ թողեցիր, մեր կյանքերը դարձրիր տխուր ու անգամ անիմաստ։ Անչափ դժվար է մեզ համար պատկերացնել մեր կյանքն ուրախ առանց քեզ, հետդ մեր երջանկությունը տարար։ Մեր ընտանիքը կիսատվեց, դարձավ թերի, կոտրվեց մեր մեջ ամեն ինչ, կյանքը դարձավ տխուր ու միապաղաղ։

Էնքան բան ունեմ քեզ ասելու, միշտ խոսում եմ հետդ, էնպես ասես դու կողքս ես ու հեռու չես էլ գնում, միշտ մեր տանն ես դու, միշտ զարմիկներիդ ու զարմուհիներիդ հետ, ովքեր ամեն օր հպարտությամբ են իրենց օրը սկսում, քանի որ հենց դու ես իրենց Քեռին ում էդքան շաաատ են սիրում։

Սու՜ր, իմ բարի, սիրուն, խելացի, մեր ամենից ամենա եղբայր քեզ մի բան կասեմ. չկա մի րոպե, մի վայրկյան ու ակնթարթ , որ մեր մտքում չլինես, մեր սրտերը լցված են քո հանդեպ տածած անսահման սիրով, որն օր օրի ավելի է ուժգնանում։ Մենք ապրելու ենք, ապրելու ենք մի օր տխուր, մի օր գուցե և ուրախ ու ապրելու ենք հենց քեզ համար, հանուն քո չապրած կյանքի, հանուն նրա, որ երկնային այդ լուսավոր կյանքից չտեսնես մեր տառապանքն ու վշտանաս։ Մենք բոլորս մեր կյանքում այսուհետ ունենք մի գերնպատակ՝ իրագործել քո թեկուզև ամենաչնչին ցանկությունը, էն ամենը ինչը չհասցրիր ինքդ անել, պիտի մենք անենք։

Այս սուտ և կեղծավոր աշխարհն արժանի չէր քեզ, ու դրա համար Աստված ընտրեց քեզ՝ լավագույնին, որ պահի իր լույսերի մեջ։ Հոկտեմբերի 10ին 2020թ. վերջին անգամ լսեցինք անուշ ձայնդ, որ փորձում էր մեզ հանգստացնել, թե ամեն բան լավ է, հենց այդ չարաբաստիկ օրը մեր կյանքի գույներն ընդմիշտ խամրեցին։

Հավերժ լույսերի մեջ, հավերժ մեր սրտերում. քեզ անսահման շատ ենք սիրում, մեր հրեշտակ, մեր Անգի՜՜՜ն։