Երբ ձեռքերը հրաշքներ են գործում. Հարություն Պռազյան

Մանուալ թերապիայի ու բուժական մերսման մասնագետ Հարություն Պռազյանին վաղուց չէ, որ ճանաչում եմ։ Նրա հետ հանդիպելու պատճառը առողջական խնդիրներն էին, բայց չէի էլ պատկերացնում, որ դա առիթ կհանդիսանա՝ հանձին պարոն Պռազյանի ճանաչելու մանուալ թերապիայի լավագույն մասնագետներից մեկին։ Նա իր հրաշագործ ձեռքերով կարողացավ ոչ միայն վերականգնել խարխլված առողջությունս, այլև կենսական այնպիսի ուժ հաղորդել, որ ես այսօր կարողանում եմ լիարժեք քայլել, առանց դժվարության գնալ աշխատանքի ու վերադառնալ: Հարություն Պռազյանի մասնագիտական հմտությունները մեծապես նաև նրա Մարդ տեսակով են պայմանավորված. նա լավագույն Մարդ է բառի ամենաընդգրկուն իմաստով՝ բարեկիրթ, ճշտապահ, բարի, իրեն դիմող հիվանդների հանդեպ կարեկից, միշտ պատրաստակամ օգնելու նրանց՝ վերականգնելու լիարժեք ապրելու հնարավորությունը։

Նրա աշխատանքային կենագրությունը սկսվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո: Հանրապետության տարբեր բուժհաստատություններում վերականգնողական թերապիայի իր բացառիկ հմտություններով նպաստել է մարդկանց առողջության վերականգնմանը։

Մասնագիտական գիտելիքներն այս ոլորտում ամրապնդել և մեծացրել է՝ վերապատրաստվելով ՌԴ տարբեր բուժհաստատություններում,Ստավրոպոլի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում: Երկար տարիներ աշխատել է Լուսակերտի տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի հայտնի հիվանդանոցում, աշխատանքը շարունակել Սպորտ դիսպանսերում, ապա՝ հատուկ մասնագիտացված պոլիկլինիկայում։ 1993 թվականից աշխատում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի, զուգահեռաբար՝ նաև այլ մարզաձևերի թիմերի հետ:

Մարզիկների հետ աշխատանքը, նրա համոզմամբ, տարբերվում է ուրիշ հիվանդների հետ աշխատանքից, քանի որ յուրաքանչյուր մարզաձև իր յուրահատկությունն ունի և պահանջում է առանձնահատում մոտեցում: Բայց դա չի նվազեցնում նրա աշխատանքի արդյունավետությունը։ Ընդհակառակը, համոզված է, որ այդպես աշխատելն ավելի հետաքրքիր է։ Հարություն Պռազյանն աշխատում է նաև մայրաքաղաքի կլինիկաներից մեկում, և նրա հրաշագործ ձեռքերի բուժարար ազդեցությունը առողջություն է պարգևում իրեն դիմող շատ հիվանդների:

Մարդկային բարձր արժեքները ժառանգել է հորից՝ Ղազար Պռազյանից, ում գիտական աշխատությունները այսօր էլ ուսանելի են ոլորտի մասնագետների համար։ Իսկ որդու՝ Հարությունի համար Ղազար Պռազյանը հայրենասիրության, բարության ու ազնվության առանձնահատուկ, գեղեցիկ օրինակ է եղել միշտ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից հոր սերը Հայրենիքի ու հայ ժողովրդի հանդեպ Հարությունին փոխանցվել է ոչ միայն գենետիկորեն, այլև դաստիարակությամբ։ Թերևս հենց այդ է պատճառը, որ Հարություն Պռազյանը, աշխատանքի բերումով լինելով բազմաթիվ երկրներում, երբևէ չի մտածում այլ երկրում բարեկեցիկ կյանքի մասին։ Հայաստանը եղել և մնում է այն հանգրվանը, որտեղ սիրով վերադառնում է նա աշխարհի որ անկյունում էլ եղած լինի: Հարգելի խմբագրություն, Ձեր միջոցով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոչումով բժիշկ, մեծատառով Մարդ, վեհ արժանիքների կրող Հարություն Պռազյանին՝ ինձ կրկին լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար:

Շնորհակալություն։

Դ.Նալբանդյան