ԱՄՆ-ն ու «Թալիբանը» գնահատել են կայացած բանակցությունները

Բանակցություններն Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբների և ԱՄՆ ներկայացուցիչների միջև, որոնք կայացել են հանգստյան օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում, եղել են բաց և պրոֆեսիոնալ։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձրացրել է անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին, մարդու իրավունքներին, երկրից ամերիկացիների, օտարերկրացիների և նրանց օժանդակած աֆղանների տարհանմանը վերաբերող հարցեր։

«Երկու կողմերը նաև քննարկել են ԱՄՆ-ի կողմից անմիջապես Աֆղանստանի ժողովրդին լիարժեք մարդասիրական օգնության տրամադրումը»,-ասվում է Փրայսի հայտարարության մեջ։

Իր հերթին «Թալիբանը» նույնպես դրական և բեղմնավոր է գնահատել ամերիկացիների հետ բանակցությունները։ Թալիբները հույս են հայտնել, որ այդ բանակցությունները հող են նախապատրաստել իրենց ձևավորած ժամանակավոր կառավարության ճանաչման համար։