Երեկ ու այսօր ամբողջ օրը Ազգային ժողովի տարածքում պատերի ու ծառերի տակ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործով էին զբաղված: Ինչպես պարզվեց, նրանք տեսանկարահանող սարքեր էին տեղադրում և՛ ծառերի, և՛ Ազգային ժողովի շենքը ցանկապատող պարսպի վրա:
Ի դեպ, երեկ էլ Ազգային ժողովի՝ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ընդունարանում, որը բոլորովին վերջերս է վերանորոգվել, հավելյալ մետաղյա դուռ տեղադրվեց: Դժվար չէ կռահել, թե ինչից է այդքան վախեցած ԱԺ ղեկավարությունը, բայց այս, մեղմ ասած, զգուշավորությունն ու «անվտանգային համալրումը» լավ բան չեն խոստանում։ Մյուս կողմից՝ հարկատուների հաշվին այդքան գումարներ ծախսել ծառերի վրա էլ տեսախցիկներ տեղադրելու համար. այստեղից հարց է առաջանում, թե ով է տեսախցիկների բիզնեսի սեփականատերը։ Հարցը տարօրինակ չէ, քանի որ, օրինակ, կահույքի և այլ գույքի գնումներ Ազգային ժողովի համար կատարվել են Ալեն Սիմոնյանի մտերիմ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի «Արգավանդ» կահույքի սրահներից: Ըստ «Հետք» լրատվամիջոցի՝ վերջինիս պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը, որը հիմնադրվել է 2014 թվականին, մինչև իշխանափոխությունը ընդամենը երեք գործարք ուներ պետության հետ, մինչդեռ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գնման 150 պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմինների հետ։
Հավելենք, որ ԱԺ նոր վերանորոգված ընդունարանում տասնյակ նոր աթոռներ են տեղադրված, բայց՝ ոչ մի գրասեղան: Նախկինում այստեղ քաղաքացիները ԱԺ պատգամավորներին ուղղված իրենց դիմումներն էին գրում։ Մնում է նկատել, որ գրասեղանների բացակայությունը դիմումի ընթացակարգը մերժելու նոր ԱԺ-ական ոճն է…
Հ.Գ. Այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին ուղղեցինք տեսախցիկների տեղադրման հետ կապված մեր հարցերը, որոնց ի պատասխան նա ասաց. «Հեռախոսով չեմ կարող ամբողջական պատասխան տալ, թե որքան գումար է արժեցել տեսախցիկների տեղադրումը, ուղղակի ասեմ, որ հին տեսախցիկները նորով ենք փոխարինել անվտանգության նկատառումներով։ Տասը տարուց ավել դրանք փոխված չէին»: Հարցին, թե ինչո՞ւ են դրանք ծառերի վրա տեղադրվել, Նարիբեկյանը պատասխանեց. «Այ դա արդեն ՊՊԾ-ին պետք է հարցնել, երևի անվտանգության նկատառումներով»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում