«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես ամիս պաշտոնավարելուց հետո Պետրոսյանի ազատումը մարզպետի պաշտոնից, ըստ որոշ տեղեկությունների, ՏԻՄ ընտրություններում ձախողումներով էր պայմանավորված: Մասնավորապես՝ Ապարանում կրած խայտառակ պարտությամբ, իսկ Պետրոսյանն ապարանցի է եւ ժամանակին անգամ քաղաքապետ է եղել: Թալինում էլ, չնայած նրա գործադրած ջանքերին, Տավրոս Սափեյանն օդից կախված վիճակում է։ Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից պատգամավոր ընտրված Մովսիսյանինն է լինելու։ Մինչ այդ, մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մովսիսյանը կադրային լայնածավալ փոփոխություններ է իրականացնելու, ավելին` արդեն մի քանիսին, այդ թվում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին, արդեն ազատել է պաշտոնից: Ասացին, որ նրան կադրային հարցերում ուղղորդում է երբեմնի քոչարյանական, Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով վերընտրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը ՔՊ-ական շրջանակներում, չնայած ՀՀԿ-ի կադրն է եղել: Վերջինս փորձում է իր մարդկանց նշանակել մարզպետարանում, ինչն արել է նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանի պաշտոնավարման ընթացքում։ Մինչդեռ Ռազմիկ Պետրոսյանը զերծ է մնացել կադրային ջարդից, ինչն էլ ՔՊ-ն համարում է նրա եւ իր ձախողման պատճառը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում.«Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին:

Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»: