Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա:

Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները:

Քննարկման առարկա է դարձել 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր: