Շնորհակալություն, ձեր աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվելու համար

Մեր օրերում, երբ ամենաէական արժեքները կորցրել են իրենց նշանակությունը, և մարդկային որակը մղվել է հետին պլան, զարմանում ես, երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, ապրելու տեսակով վերահաստատում են բարձր ու վեհ արժեքների իմաստը: Այդպես հաճելիորեն անակնկալի եկա, երբ Երևանի քաղաքապետարանում հանդիպեցի Գործերի կառավարման վարչության քաղաքացիների սպասարկան բաժնի պատասխանատու, գլխավոր մասնագետ Միլենա Փարսադանյանին։ Մարդ, ով առանձնանում է ոչ միայն մասնագիտական հմտությունների տիրապետման մակարդակով, այլև մարդկային բարձր արժեքների կրող լինելու հանգամանքով։ Դրվատելի և, այո, ուսանելի է այն վերաբերմունքը, պատասխանատվությունը, որով նա վերաբերվում է իր աշխատանքին:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ Ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել Միլենա Փարսադանյանին  ու սպասարկման բաժնի առաջին  կարգի մասնագետ Նարինե Զաքոյանին, ոչ միայն իմ, այլև այն բոլոր քաղաքացիների անունից, ովքեր առիթ են ունեցել առնչվել նրանց հետ։

Առանձնակի ցանկանում եմ ընդգծել Քաղաքացիների սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ Նարինե Զաքոյանի դերը, ով անմնացորդ նվիրումով է վերաբերվում իրեն վստահված պարտականություններին, սիրով ու անտրտունջ կատարում իր գործը։ Աշխատանքային ողջ օրվա ընթացքում ընդունելով մի քանի տասնյակ  քաղաքացիների՝ նա փորձում է յուրաքանչյուրի առաջադրած հարցերին տալ հիմնավոր ու բավարարող պատասխաններ: Քաղաքացիները Նարինե Զաքոյանի պատուհանից հեռանում են գոհունակության մեծ զգացումով, հավատով, որ ի սկզբանե դրական վերաբերմունքը հաջողության երաշխիք է: Անսահման շնորհակալ եմ Ձեզ:

Գայանե Հովակիմյան