Այսօր ամանորյա հեքիաթն էր այցելել թիվ 188 հիմնական դպրոցի 2-րդ ա դասարան: Տոնական տրամադրությունն ու մանկական հնչեղ ձայները մեկտեղվել էին դպրոցի գեղեցիկ զարդարված դահլիճում: Դասվար Նելլի Համբարձումյանը միջոցառման մեկնարկին ներկայացրեց Ամանորին նվիրած իր <<Գա’լդ բարի, Նո’ր տարի>> բանաստեղծությունը: Ուզում ես հավատալ, որ կիրականանա ընկեր Համբարձումյանի երազանք-ցանկությունը՝ չարի կործանման ու բարու անվերապահ հաղթանակի մասին: Այնքան հետաքրքիր, բովանդակալից ու ինքնատիպ էր միջոցառումը, որ թվում էր, թե հրաշագործը կախարդական փայտիկի մի հպումով փոքրիկներին տեղափոխել է կախարդական անտառ, որտեղ տարվա 12 ամիսները միմյանց փոխարինելով հրաշքներ էին գործում: Զարմանալի էր, թե ինչպես էին փոքրիկներն այդքան վարժ ու փայլուն կերպով կատարում իրենց ստանձնած դերերը: Երեխաները լավագույնս ներկայացան ոչ միայն հայերեն կատարումներում, այլ նաև` ռուսերենի և անգլերենի իրենց իմացությամբ փայլեցին։

Շնորհալի երեխաները 2-րդ ա դասարանում շատ են, նրանք ևս իրենց ելույթներով հիացնում էին: Հրաշալի միջոցառման կազմակերպման և իրականացման մեջ անուրանալի է դասվար Նելլի Համբարձումյանի դերը: Նրա սերն ու անմնացորդ նվիրումը իր կատարած աշխատանքին ևս մեկ անգամ փաստում են, որ նրա աշակերտները վստահելի ձեռքերում են: Այդ հանգամանքը փաստեց նաև թիվ 188 դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը: Նա երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորեց գալիք 2025 թվականի կապակցությամբ`մաղթելով խաղաղ երկինք և առողջություն: <<Շնորհակալ եմ ձեզնից, որ դուք կաք իմ կյանքում, եղեք ամենաերջանիկը: Թող աշխարհում խաղաղություն լինի: Այսօրվա միջոցառման հետ կապված ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել դասվար Նելլի Համբարձումյանին՝ հիանալի և չկրկնվող միջոցառման համար: Երբ մարդն ինքն է իր աշխատանքը կատարում, այն չի կարող կրկնվող լինել>>. նշեց տնօրենը: Դասվար Նելլի Համբարձումյանն իր խոսքում նշեց, որ ուրախ է այս դպրոցում աշխատելու համար, և նշեց, որ երեխաների ժպիտներն ու շողուն աչքերն իր կյանքը լցնում են երջանկությամբ: Նա շնորհակալություն հայտնեց նաև աշակերտների ծնողներին, ընդգծելով, որ իր կատարած գործում նրանք իրեն աջակցում են : <<Միասին մենք հզոր թիմ ենք>>.ասաց նա: Միջոցառման ավարտին Ձմեռ Պապիկը նվերներ բաժանեց իր շնորհալի թոռնիկներին:
Անի Շահբազյան
