ԿԿՀ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի նվերների հաշվառման ձևաթուղթը, որի համաձայն՝ 2026 թվականին ստացել է ընդհանուր 256 հազար 720 դրամ արժողությամբ երկու հուշանվեր-ժամացույց։
Ձևաթղթի համաձայն՝ առաջին նվերը գլխավոր դատախազին տրամադրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Այն արծաթյա Gnomon հուշանվեր-ժամացույց է՝ 9.3 գրամ քաշով, որի արժեքը գնահատվել է 126 հազար 720 դրամ։
Նվերը Աննա Վարդապետյանը ստացել է 2026 թվականի հուլիսի 4-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և ՀՀ դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված՝ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում։ Ձևաթղթում նշվում է, որ այն հանձնվել է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական ավանդ ներդնելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Երկրորդ նվերը գլխավոր դատախազին տրամադրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Այն AM մակնիշի կաշվե գոտիով, պողպատյա հենամարմնով ժամացույց է, որի արժեքը գնահատվել է 130 հազար դրամ։
Այս նվերը նույնպես հանձնվել է նույն միջոցառման՝ 2026 թվականի հուլիսի 4-ին կայացած Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում։ Ձևաթղթի համաձայն՝ այն տրվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության միջև օրինականության ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում սերտ համագործակցության համար, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Այսպիսով, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարագրել է պետական մարմիններից ստացած երկու ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 256 հազար 720 դրամ։
