Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար ինը քաղաքական ուժ է պայքարում: Նրանցից «Մայր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 4-րդ համարի ներքո: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում են համայնքի ղեկավարի պաշտոնում փորձ ունեցող,Դողս համայնքի 2016-2021թթ․ ղեկավար Գրիշա Հարությունյանն ու Ծաղկունք համայնքը 21 տարի ղեկավարած Դավիթ Կարապետյանը:
Չնայած երիտասարդ տարիքին, Գրիշա Հարությունյանը հասցրել է արժանանալ համագյուղացիների հարգանքին ու վստահությանը, իր աշխատանքով բազմիցս ապացուցել, որ կատարել է տված խոստումը՝ լինել համայնքի բնակչի կողքին, նրա խնդիրներին ականջալուր: Առկա խնդիրներին մատների արանքով չի նայել, ամեն ինչ արել է, որ հայրենի գյուղում մարդիկ կարողանան արժանավայել ապրել: Իսկ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Գրիշա Հարությունյանը առաջնագծում էր: Նա մի քանի համայնքների ղեկավարների հետ «Մարտունի-3» ջոկատի կազմում մասնակցել է պատերազմին, վերադառնալով՝ նորից անցել իր աշխատանքին:
«Մեր թիմը հզոր թիմ է, և մենք ուժեղ ենք միասին: Ես քաջածանոթ եմ և՛ իմ հարազատ Դողս համայնքի, և՛ վաղարշապատցիներին հուզող խնդիրներին: Գյուղացին հիմնականում դժգոհում է ոռոգման ջրի պակասից։ Կան համայնքներ, որ նաև խմելու ջրի խնդիր ունեն: Վաղարշապատում անբարեկարգ են շատ փողոցներ, կա հասարակական տրանսպորտի լուրջ խնդիր: Մեր առջև դրել ենք մանկապարտեզները անվճար դարձնելու հարցը: Ընտրվելու դեպքում կլուծենք երեխաների խաղահրապարակների, ժամանցի վայրերի, խաղային տաղավարների խնդիրը:
Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին խոստանում ենք՝ Վաղարշապատը դարձնելու ենք տուրիստական կենտրոն, որը կներկայանա աշխարհին իր մշակութային ուրույն ձեռագրով»:
Մեր դիտարկմանը, թե բացի ՔՊ-ից այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավարների դեմ քրգործեր են հարուցվում, այս առումով չունի՞ մտահոգություն, Գրիշա Հարությունյանի պատասխանը միանշանակ էր․ «Ոչ, չունեմ, որովհետև իմ անբասիր աշխատանքով եմ իմ կենսագրությունը կերտել, ու ոչ ոք չի կարող ցեխ շպրտել նրա վրա»:
«Մայր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համարով ներկայացված Դավիթ Կարապետյանը 21 տարի ղեկավարել է Ծաղկունք համայնքը: Այդ տարիների ընթացքում ծաղկունքցին բազմիցս է համոզվել, որ նրա խոսքն ու գործն իրարից չեն տարբերվում, և այդ է պատճառը, որ տարիներ շարունակ ժողովուրդը իր վստահության քվեն տվել է Դավիթ Կարապետյանին: Ինքն էլ իր հերթին վստահ է, որ ժողովուրդը, ճանաչելով իր գործը, հավատալով իր խոսքին, նոյեմբերի 17-ին կքվեարկի հօգուտ «Մայր Հայաստան» կուսակցության: Դավիթ Կարապետյանը համոզված է․ «Ժողովուրդը ճանաչելով ինձ, իմ գործը, իր վստահության քվեն կտա «Մայր Հայաստան» կուսակցությանը: Ես վստահ եմ, որ գնում ենք դեպի հաղթանակ: Եղել եմ Ծաղկունք համայնքի երկարամյա ղեկավարը, ժողովուրդը գիտե իմ գործը, գիտե, որ միշտ իր կողքին եմ: Ես վստահ եմ, որ ինձ ճանաչելով՝ այս ընտրություններում ևս ժողովուրդը իր վստահության քվեն կտա ինձ:Այս հանդիպումների ժամանակ մարդիկ բավական շատ խնդիրներ են առաջ քաշում, և դրանք լուծելը պատվի ու արժանապատվության հարց է։
Ես վաղարշապատցիներին խորհուրդ եմ տալիս ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քվեն տալ մեր կուսակցությանը: ՔՊ-ն յոթ տարի իշխանություն է, սակայն ժողովրդի մատից փուշ չի հանել: Գյուղացին այսօր բազում խնդիրներ ունի: Իմ ղեկավարման տարիներին հողագործը ոռոգման ջրի խնդիր չի ունեցել․ մարդիկ 200 հեկտար ցանք էին անում, հիմա հինգն էլ չեն կարողանում: Որպես օրինակ ասեմ, որ Քասախում գորտերը սատկել են ջուր չլինելու պատճառով: Հմուտ կառավարման դեպքում ամեն ինչ կարելի է շտկել:
Կուսակցության ցուցակը գլխավորող երկու թեկնածուների մասին դրվատանքով է խոսում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
-Գրիշա Հարությունյանը զբաղեցրել է Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը և իրենց գյուղում հարգանք վայելող անհատականություն է: Նա իր հայրենի գյուղում հաղթել է նաև 2019 թ․ ընտրություններին, երբ երկիրը, այսպես կոչված, «սիրո ու հանդուժողականության» մթնոլորտում էր, ու անգամ այդ պայմաններում հաղթել է ՔՊ-ի թեկնածուին: Դրական հեղինակությամբ, համախմբող, կազմակերպչական ջիղ ունեցող անձնավորություն է: Նա հարգանք է վայելում ոչ միայն իր հայրենի Դողսում, այլև մյուս համայնքներում և Վաղարշապատ քաղաքում:
Նույն հարգալից վերաբերմունքին է արժանանում նաև «Մայր Հայաստան» ցուցակի երկրորդ համարը՝ Դավիթ Կարապետյանը: Այս ընթացքում մարդիկ մոտենում են նրանց, ողջագուրվում, զրուցում։ Մի քանի օր է՝ շրջում ենք ու որևէ վատ վերաբերմունքի, վատ միջադեպի չենք հանդիպել այս մարդկանց առնչությամբ: Մարդիկ են, ովքեր հողի հանդեպ անհուն սեր ունեն, հողին կպած, արարող մարդիկ են, միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն են կրում երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Ու այդ առումով որպես ցուցակի առաջատարներ՝ և՛ Գրիշան, և՛ Դավիթը հրաշալի թեկնածուներ են, և «Մայր Հայաստանը» շատ պարզերես է հանդես գալիս վաղարշապատցիների ու Խոյ խոշորացված համայնքի բնակիչների առջև:
Մենք օր-օրի զգում ենք ընդհանուր մթնոլորտի փոփոխությունը: Սկզբում մարդիկ մի փոքր շվարած էին նայում, երևի սովոր չէին, որ թեկնածուները շրջեն, անմիջականորեն շփվեն, խոսեն համայնքի խնդիրներից, և նաև քաղաքական դրոշակ բարձրացնեն: Բայց արդեն օր առ օր, ժամ առ ժամփոփոխություն զգում ենք․ մարդկանց համար արդեն սովորական է դարձել, որ իրենց քվեն ստանալու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն ու անհատները պետք է իրենց բակերում լսեն բնակիչների խնդիրների մասին, լինեն դրանք կաթացող կտուրների, անբարեկարգ բակերի, անմխիթար վիճակում գտնվող փողոցների, մանկապարտեզների, Էջմիածնի հասարակական տրանսպորտի, թե թափառող շների խնդիրների մասին: Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Վաղարշապատում յոթ և ավելի տարի իշխանության ղեկին է, և կարող էր լավագույնս ցույց տալ, թե ինչպես կարելի է համայնքը լավ կառավարել, բայց ՔՊ-ի նախորդ թեկնածուն ինչ արեց՝ կոռուպցիա, սկանդալներ, կրակոցներ, և որևէ մեկը պատասխանատվություն չկրեց դրա համար: Պետք է նշեմ, որ այս ընտրարշավի ժամանակ մենք հստակ այլընտրանք ենք առաջարկում քաղաքացիներին և լիահույս ենք, որ նոյեմբերի 17-ին Վաղարշապատը կունենա նոր համայնքային իշխանություն:
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կարևորում է այն, որ թեկնածուները համայնքի ղեկավարի փորձառություն ունեն․
— Մեր ցուցակը գլխավարում են Գրիշա Սարգսյանն ու Դավիթ Կարապետյանը, երկուսն էլ համայնքային կառավարման փորձ ունեցող անձիք են: Գրիշա Հարությունյանը ղեկավարել է Դողս համայնքը, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Ծաղկունք: Երկուսի պաշտոններն էլ ընտրովի են եղել, ժողովուրդն է նրանց տվել իր վստահության քվեն: Երկուսն էլ հայտնի են իրենց կատարած աշխատանքներով, բնակիչները լավ գիտեն նրանց, գիտեն նրանց գործերը: Պետք է առանձնահատուկ նշեմ, որ մեր ծրագիրը ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքային նշանակություն ունի: «Մայր Հայաստան» կուսակցությունը իր նախընտրական ծրագրով նախատեսում է բյուջետային միջոցների արդյունավետ կառավարում, իսկ համայնքի կառավարման մեր սկզբունքները լինելու են թափանցիկությունը, համատիրությունների գործունեության հանրային վերահսկողության իրականացումը, սոցիալական արդարության հաստատումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային շահի պաշտպանության առաջնահերթությունը, շարունակական բարեփոխումները և այլն: Մեր ծրագրի դրույթներում ընդգրկված են նաև սոցիալական փաթեթներ՝ անվճար մանկապարտեզների, ինչպես նաև սոցիալապես անապահովների, թոշակառուների, հաշմանդամների և ուսանողների համար տրանսպորտը անվճար դարձնելու հարցերը: Կարևորում ենք քաղաքի լուսավորության, ասֆալտապատման և այլ ընթացիկ հարցեր: Ի դեպ, շատ սուր է դրված թափառող շների հետ հարցը, որի լուծման համար առաջարկում ենք ժամանակակից մեթոդներ:
Մեզ համար գերխնդիր է Էջմիածինը տուրիստական կենտրոն դարձնելը և այստեղ զբոսաշրջության զարգացումը: Էջմիածինը պետք է ունենա իր մշակութային դիմագիծը: Կան բոլոր նախադրյալները այդ նախագծերը կենսակոչելու համար, սակայն դրանց իրականացման համար չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Մենք լավատեղյակ ենք վաղարշապատցիներին հուզող բոլոր խնդիրներին, ներառյալ ջերմոցային տնտեսությունների վրա դրված բարձր տուրքերը, իսկ մեր ընտրվելու դեպքում ողջամիտ գներ ենք սահմանելու: Անելիքները բոլոր ոլորտներում շատ են, բայց մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում վաղարշապատցիների առջև և պատվով կստանձնենք այն ու կիրականացնենք։





Լիլիթ Ավետիսյան
