Սմարթֆոնների և համակարգիչների չափից շատ օգտագործումը կարող է ուղեղի գերհոգնածության հանգեցնել, որը կարող է դեմենցիայի (թուլամտություն) և ընկճախտի պատճառ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նյարդավիրաբույժ Այումի Օկումուրայի խոսքով`մարդկանց շրջանում վերջերս ավելացել է «հիշողության վատացման» դեպքերի քանակը: Միևնույն ժամանակ նման ախտանիշ ունենում են ոչ միայն տարիքով մարդիկ. ռիսկային գոտում են գտնվում 30-60 տարեկանները: Հենց նրանք են առավել շատ օգտագործում համակարգիչներ ու սմարթֆոններ` ուղեղը ծանրաբեռնելով չափից շատ տեղեկությամբ:
«Երբ ստացած տեղեկության քանակը շատանում է, ուղեղը «վերամշակման» փուլը չի կարողանում հաղթահարել և վերածվում է աղբավայրի»,- նշել է Օկումուրան:
Այս ամենից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուղեղին հանգիստ տալ, կրճատել սարքերի օգտագործման ժամանակը, ինչպես նաև լավ քնել: Ցերեկվա ընթացքում օգտակար է կարճ` 15 րոպե տևողությամբ քունը:
Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս ուտելիս չօգտագործել գաջեթներ:
Ժամանակակից գաջեթների օգտագործումը հանգեցնում է մկանային անբավարար գործունեության, չոր աչքի և կարճատեսության խնդիրներին, սակայն ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման վրա բջջային հեռախոսներն ու պլանշետները որևէ կերպ չեն ազդում: