Վրաստանում մարտի 23-ից կսկսեն բժշկական դիմակներ բաժանել 70-ն անց բոլոր թոշակառուներին: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը` հղում անելով երկրի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:
Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է նաև, որ բացի տարեց մարդկանցից, շատ կարճ ժամանակահատվածում դիմակներով կապահովվեն նաև լրագրողներն ու այն մարդիկ, «որոնք կանգնած են առաջին գծում»:
«Առաջնահերթությունը տրվում է 70-ն անց միայնակ թոշակառուներին: Երկուշաբթի մենք կսկսենք նրանց դիմակներ բաժանել»,-ասել է նախարարը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: