Ընտանեկան բռնության դեպքերն աճել են արտակարգ դրության պամաններում. ահազանգերը 30 տոկոսով ավելացել են

Այս պահին ՀԿ-ներն ուղղակի հրշեջների դեր են կատարում՝ հանգցնելու համար այն սոցիալական պայթյունը, որն առկա է խոցելի խմբերի պարագայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զառա Հովհաննիսյանը։

«Այս պահին մեր ունեցած տվյալներով կարելի է հստակ արձանագրել, որ ընտանեկան բռնության թեժ գծերին եւ ոչ միայն ընտանեկան բռնության տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց վերաբերող թեժ գծերին բավականին շատ զանգերը։ Ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը 30 տոկոսով ավելացել են, իսկ ՄԻԱՎ-ի դեպքում՝ 50 տոկոս ծանրաբեռնվածություն կա հեռախոսազանգերի»,- ասաց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ ակնհայտորեն պատրաստ չեն եղել իրավիճակին. «Մարդիկ տանը մնալու կարգադրության պարագայում հայտնվում են էլ ավելի խոցելի վիճակում։ կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Մարդիկ կորցնում են աշխատանքը, այդ թվում նաեւ մեր նախկին շահառուները, որոնք վերապրել են ընտանեկան բռնություն, այժմ գտել են աշխատանքը, որն օրավարձով աշխատանք է, նրանք այդ պարագայում կորցնում են աշխատանքը եւ դառնում խոցելի»։

Զառա Հովհաննիսյանն ասաց, որ անչափահասների մի մասը խուսափում է ահազանգել. «Աջակցության բոլոր մեխանիզմները տեղափոխվել են օնլայն դաշտ, ուստի մարդիկ հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն եւս չեն ստանում, որովհետեւ բոլորը տանն են եւ հեռախոսակապ եւս հսկվում է։ Տրանսպորտային միջոցների մատչելիությունը եւս սահմանափակված է եւ չեն կարողանում հասնել այն վայրը, ոտեղ կարող են ստանալ աջակցություն»։

Իրավապաշտպանը նկատեց, որ միջազգային հարթակներում եւս ՄԻԱՎ-ի վերաբերյալ չի խոսվում. «Մեր ՀԿ-ի հեռախոսազանգերը մեկ ամսում հասել են 589-ի, որը նախորդ ամիսների համեմատ 50 տոկոսով ավելի է։ Զանգերը հիմնականում կապված են դեղորայքի հետ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ամենախոցելին են դարձել կորոնավիրուսի նկատմամբ»։

Հարցին՝ ինչո՞ւ են ՀԿ-ներին ավելի շատ հեռախոսազանգեր հնչեցվում, քան Ոստիկանությանը, Հովհաննիսյանն ասաց. «ՀԿ զանգահարող անձը ակնկալիքներ ունի ստանալու իրավական խորհրդատվություն, ակնկալիք ունի սոցիալական աջակցություն ստանալու։ Զանգերն անանուն են եւ վստահության հեռախոսի միջոցով շփվում են մասնագետի հետ։ Մենք համալիր լուծման խնդիր ունենք, որոնք կան ընտանեկան բռնության պարագայում։ Այս պահին ՀԿ-ներն ուղղակի հրշեջների դեր են կատարում՝ հանգցնելու համար այն սոցիալական պայթյունը, որն առկա է խոցելի խմբերի պարագայում»։

ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ասաց, որ իրենք նույնպես ունեն վիճակագրություն. «Ունենք եւ՛ ամիսների,եւ՛ օրերի կտրվածքով։ Մարտի 16-ից մենք ոստիկանությունում ունեցել ենք 180 ահազանգ։ Ահազանգերը հիմնականում վերաբերվել են ընտանեկան բռնությանը։ Իհարկե ահազանգի արդյունքում կարող ենք գնալ եւ հասկանալ, որ ուղղակի բարձր ձայն է եղել եւ ոչ մի պաշտպանական միջոց չի կիրառվել։ Մենք համեմատական ենք տարել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2019 թվականի մարտի 16-ի հետ։ Ահազանգերի թիվը եղել է 170»,- ասաց Դուրյանը։

Նելլի Դուրյանն անդրադարձավ նաեւ այդ ժամանակահատվածում տեղի ունեցած սպանություններին.

«Այս ժամանակահատվածում մենք սպանության դեպքեր չենք ունեցել։ Սակայն, հունվարին մենք ընտանեկան բռնության ահազանգ ենք ստացել, որի ժամանակ մի կին է զոհվել։ Կարանտինի պայմաններում մենք սպանության փորձեր չենք ունեցել։ Օրվա կտրվածքով ունենում ենք 4-6 ահազանգ։ Եթե համեմատական տանենք նաեւ 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ գրեթե մնացել է անփոփոխ։ Էլի 4-6 ահազանգ ենք ստացել օրվա կտրվածոքով, չնայած օրեր են եղել, որ ահազանգերի քանակը հասել է մինչեւ 13- ի։ Ես կցանկանայի ներկայացնել նաեւ ինֆորմացիոն կենտրոնից ստացված վիճակագրությունը, ըստ որի՝ մարտի 16-ից 31-ը ունեցել ենք 2 դեպք 118 հոդվածի հատկանիշներով, որը ծեծն է։ Դրանցով քրեական գործեր չեն հարուցվել՝ նյութերը մերժվել են։ Ապրիլ ամսվա վիճակագրության մասին կիմանանք ամսվա վերջում։ Կցանկանայի նշել,որ 180 ահազանգերի մեծամասնությունը եղել է ամուսինը կնոջ նկատմամբ, որոնց թիվը եղել է 79, նախկին ամուսինը կնոջ նկատմամբ՝26, անչափահասների նկատմամբ՝ 8։ Հիմանանում թիրախային խումբը կանայք են»։

Նելլի Դուրյանը ներակայացրեց ըստ ինֆորմացիոն տվյալների հանցագործության (ընտանեկան բռնություն) դեպքերի վիճակագրությունը. «Մենք ունեցել 2019 թվականի հունվարից ապրիլ ամիսներին ունեցել ենք 161,իսկ 2020 թվականի հունվարից ապրիլ ամիսների ընթացքում դեպքերի քանակը եղել է 66-ը։ Փաստորեն, 4 ամսվա կտրվածքով 161-ն է, իսկ 3-ամսվա կտրվածքով՝ 66։ Մի-քանի կայքեր եւ հասարական կազմակերպություններ աճի վերաբերյալ խնդիր բարձրացրին։ Ոստիկանությունում իրավիճակը գրեթե անփոփոխ է։ Մեզանից շատ հաճախ սոցիալական կայքերի եւ մեսենջերների միջոցով խորհուրդ են հարցնում, թե օրինակ ինչ անել, եթե ամուսինը արբեցող է եւ այլն։ Կապը մշտապես կա, աշխատանքները ոստիկանության կողմից իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։ Հասարակական կազմակերպությունները խնդիր են բարձրացնում, որ ընտանեկան բռնության զոհերը չեն կարողանում տեղ հասնել։ Ես հասկանում եմ, որ կան ընտանեկան բռնության զոհեր, ովքեր չեն ցանկանում դիմել ոստիկանությանը եւ ուզում են օգտվել հասարակական կազմակերպությունների ծառայություններից։ Այս արտակարգ իրավիճակի եւ կարանտինի պայմաններում կոչ կանեի հասարակական կազմակերպություններին, որ հորդորեն կանանց օգտվել նաեւ մեր ծառայություններից։ Եթե կինը ուզում է տեղափոխվել ապաստարան եւ դիմում է հասարակական կազմակերպություններին, ապա ոստիկանությունը պատրաստակամ է, մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է աջակցել բռնության զոհին, տեղափոխել հասարակական կազմակերպություն։ Այս պարագայում համագործակցության կոչ եմ անում»։