Իսլամիստական Թուրքիայի աշխարհաքաղաքական հայտը

Որքան մոտենում է Ռուս-թուրքական պայմանագրի հարյուրամյակը, այնքան ներվային ու ջղաձիգ են դառնում Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները, և է՛լ ավելի ջղաձիգ՝ նրա գործողությունները քրիստոնյա աշխարհի, քրիստոնեական իրականության հետ հարաբերություններում: Օրեցօր իսլամիստացող, կրոնապետության վերածվող Թուրքիան՝ այլևս ոչ աթաթուրքական հայացքներով (չնայած այդ հայացքներն Հայաստանի ու հայկականության նկատմամբ առանձնապես չեն տարբերվել ոչ Օսմանյան, ոչ էլ էրդողանյան Թուրքիայից), իր քայլերի հաջորդաշարքի կառուցման մեջ ավելի ու ավելի է ձգտում նախահանրապետության կամ Օսմանյան Թուրքիայի երբեմնի քաղաքականության տրամաբանությանը: Աշխարհաքաղաքական նոր զարգացումները հնի տրամաբանությունից դուրս տեսնողներին անշուշտ պետք է զարմացներ դեպքերի զարգացման այսպիսի համաժամանակության զուգադիպությունը: Փաստացի, նա նախ «Արևմտյան ճակատում» հարցերը«կարգավորեց»՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, որը յուրօրինակ մեսսիջ էր ոչ միայն Հունաստանին, այլև Թուրքիայի՝ «ոչ թռչուն, ոչ մուկ» կարգավիճակից հոգնած Եվրոպային, ինչպես նաև ազդակ՝ մահմեդական աշխարհին, մասնավորապես այդ աշխարհում առաջնությանը հավակնող երկրներին՝ Սաուդյան Արաբիա, Պակիստան, Իրան, չնայած իսլամական աշխարհի համար էլ վաղուց հայտնի է, որ Թուրքիայի իսլամական հայացքների ակտիվությունն առկախ է նրա քաղաքական շահերից: Ապա ձեռնամուխ եղավ երբեմնի «Արևելյան ճակատի» հարցերի «լուծմանը»՝ նույն՝ «Հայաստանը՝ խաղաքար, խաղացողը Ռուսաստանն է» տրամաբանությամբ և իր՝ որպես աշխարհաքաղաքական խաղացողի ձեռքում ունենալով Ադրբեջանը՝ տվյալ դեպքում որպես խաղաքար: Իհարկե, իսլամիստացման այս «ռեստարտի» մեջ նաև ներքաղաքական ակունքներ կան, որոնցից մեկն էլ Էրդողանի կառավարության և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ աճող դժգոհություններն են, և նաև այս համատեքստում պիտի դիտարկել թուրքական կառավարության կողմից սոցցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը: Բայց անկախ նրանից, թե ներքաղաքական ինչ խնդիրներ լուծեց Էրդողանը տարածաշրջանի իրադարձությունների զարգացման Տավուշյան փորձաքարից, ակնհայտորեն նա իր հաշիվներում սխալվեց. աշխարհաքաղաքական բոլոր մեծ ու փոքր շահերի համապատկերում նա մոռացավ կամ գուցե բախվեց այն իրականությանը, որ Հայաստանն այլևս խաղաքար չէ, այլ խաղացող, և այդ խաղացողի իրավունքը մեծապես պայմանավորված է վերջինիս իշխանության լեգիտիմությամբ: Ներքաղաքական, քաղաքական աշխարհաքաղաքական զարգացումների շղթայում Հայաստանը կամաց-կամաց օբյեկտից վերածվում է սուբյեկտի, և դա տեղի է ունենում Ադրբեջանի ամենօրյա «օբյեկտացման» համապատկերում, մի համապատկերում, երբ համաշխարհային քաղաքականությունն էլ դուրս է գալիս նավթային վերահսկողության տիրույթից: Հատկանշական է, որ անցած 2 օրերին զանգվածային լրատվամիջոցների արծարծման գլխավոր թեման Էրդողանի հեռախոսազանգն էր ՌԴ նախագահ Պուտինին: Զուգահեռելով այս իրողությունը 2016թ. իրողությունների հետ՝ նկատենք, որ եթե այն ժամանակ Ալիևն էր զանգում Պուտինին, ապա այժմ՝Էրդողանը, ընդ որում՝ նույն տրամաբանության մեջ՝ «օգտագործել Հայաստանի հետ կապերը լարվածությունը թուլացնելու համար»: Նկատենք, որ Անկարան Մոսկվային զանգում էր նաև Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ այնուամենայնիվ Թուրքիան Ռուսաստանին է դիտարկում իբրև գործընկեր հետկորոնավիրուսյան աշխարհում: Եվ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա իբրև գործընկեր ունենալ Թուրքիային… Չմոռանանք, որ այս ամենը տեղի է ունենում թուրքական քաղաքականության ավանդական գծի շրջանակներում. աշխարհը զբաղված է կորոնավիրուսայի պատերազմով, որը խոշոր հաշվով չի զիջում համաշխարհային պատերազմին: Եվ կա հետկորոնավիրուսային աշխարհում աշխարհաքաղաքական հայտի խնդիր: Նրանք, իհարկե, չեն մոռացել, որ ի տարբերություն հարյուրամյա վաղեմության դեպքերի, ի հայտ են եկել նոր խոշոր խաղացողներ, ի դեմս Չինաստանի… Սական եթե Ռուսաստանն արդեն գուցե մասամբ գիտակցում է, որ ազդեցության ոլորտների վերաբաժանման առևտրի մեջ Հայաստանն այլևս գոնե պասիվ օբյեկտ չէ, ապա Թուրքիայի հաշիվների մեջ չէր մտնում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իր հայտի այդքան դժվար վիճարկելիությունը, որտեղ պակաս կարևոր չէ նաև Ադրբեջանի օբյեկտացող կարգավիճակը և այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի նկրտումների բախումը: Առավել ևս, նրա հաշիվների մեջ չէր մտնում այն, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողի իր կշիռը պիտի որոշեր հենց Տավուշը: Եվ դժվար թե թուրք-ադրբեջանական զորավարժությունները ինչ-որ բան փոխեն այս պատկերում:
Հայկանուշ Գրիգորյան