Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել. ԱԳ նախարար

Այսօր լրագրողները հարց են ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, թե որպես նորանշանակ նախարար՝ ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է արդյոք այն ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո:

«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա: Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Անդրադառնալով իր մասին հրապարակումների վերաբերյալ մեկ այլ լրագրողի հարցին՝ Արա Այվազյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են, ինձ շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ մեր բոլորիս պարտքն է, և նախևառաջ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, մեր պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»: